Իրարանցում Բաքվում. ՈւԵՖԱ–ն ուզում է օգնել Մխիթարյանին, որ նա խաղա Ադրբեջանում

Սա առաջին դեպքը չէ, երբ մարզիկները մեծ քաղաքականության զոհ են դառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալը» և Ուկրաինայի «Վորսկլան» կխաղան Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ։ Վիճակահանության արդյունքները հայտնի դարձան այսօր` օգոստոսի 31-ին։

Խաղերը կանցկացվեն Բաքվում, և հարց է ծագում` արդյո՞ք լոնդոնյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մեկնել Ադրբեջան։

Եվս մեկ հայ էլ խաղում է ուկրաինական թիմում։ Խոսքը կիսապաշտպան Գեղամ Կադիմյանի մասին է։

Սա առաջին դեպքը չէ, երբ մարզիկները մեծ քաղաքականության զոհ են դառնում։ Այսպես, 2015 թվականին Մխիթարյանը, որն այդ ժամանակ խաղում էր «Բորուսիայի» կազմում, չմեկնեց Բաքու` Եվրոպայի լիգայում «Գաբալայի» հետ խաղալու։

Փոխարենը հայ ֆուտբոլիստը մասնակցեց Գերմանիայում կայացած պատասխան հանդիպմանը և գնդակ ուղարկեց «Գաբալայի» դարպաս։Հիմա ՈւԵՖԱ-ն հայտարարում է, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Մխիթարյանը կարողանա մասնակցել Բաքվում կայանալիք արտագնա խաղին։ Այս մասին կազմակերպությունը հայտնել է Sport24.ru պարբերականին։

«Սովորական գործընթաց է, երբ ՈւԵՖԱ-ն պաշտոնական նամակ է ուղղում ազգային ասոցիացիաներին, ֆուտբոլային ակումբներին ու երկրների դեսպանատներին` ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու համար համապատասխան վիզա ստանալու համար», — նշել է պարբերականի զրուցակիցը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում իրավիճակը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։ Նա ասել է, որ չի ցանկանում ֆուտբոլային իրադարձություններից առաջ ընկնել։ Նրա խոսքով` սկզբում թող թիմերը կողմնորոշվեն «Ղարաբաղի» հետ խաղերի հայտերի հարցում, հետո եթե ԱԳՆ-ն այդ առնչությամբ դիմում ստանա, կդիտարկի այն։