Գյուղապետն ավելի քան 22 միլիոնի վնաս է հասցրել պետությանը. ոստիկանության բացահայտումը

Համայնքի ղեկավարն իր մտերիմներին աշխատանքի է ընդունել համայնքապետարանում, նրանք աշխատանքի չեն հաճախել, բայց ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։

Գեղարքունիքի ոստիկանների հետ համատեղ շարունակված միջոցառումներով գլխավոր վարչության ծառայողները պարզել են հետևյալը։

Նախնական տվյալներով՝ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2017 թվականների ընթացքում իր մտերիմներից հինգ հոգու համայնքապետարանում աշխատանքի է ընդունել։

Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը։ Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 22․297․000 դրամ վնաս։

Միջոցառումները շարունակվում են։