Իշխանությունը կչեղարկի՞ «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» պարտքերը. փոխնախարարի պատասխանը

Խորհրդային ժամանակաշրջանի հսկաներ «Նաիրիտն» ու «Վանաձորի Քիմպրոմն» անգործության են մատնված պարտքերի պատճառով, այդ թվում` պետական պարտքերի։ Իշխանությունը դեռ չի որոշել` չեղարկել այդ պարտքերը, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայաստանի նոր իշխանությունը պատրաստ է ուսումնասիրել երևանյան «Նաիրիտ» գործարանի և «Վանաձորի Քիմպրոմ» ձեռնարկության հետ կապված խնդիրները։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

«Իհարկե, հեշտ հարց չէ։ Երբ պետական աջակցության մասին եք խոսում, ի՞նչ նկատի ունեք։ Քանի որ եթե մեկի պարտքերը չեղարկենք, ապա դա անխուսափելիորեն կանենք ուրիշների հաշվին։ Մենք պետք է հասկանանք` այդ գործարանների աշխատանքը որքանով կարդարացնի պարտքերի չեղարկումը», — ասաց Ավանեսյանը։

Փոխնախարարն ասաց, որ այդպիսի հետազոտություն դեռ չի անցկացվել, սակայն «Նաիրիտը» միշտ պետության ուշադրության կենտրոնում է։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին ասաց լրագրողներին, որ շուկայական տնտեսության դեպքում մասնավոր վարկատուները պետք է իրենք հետաքրքրված լինեն պարտքերի ռեստրուկտուրիզացիայի հարցում, որպեսզի գործարանները սկսեն աշխատել, շահույթ բերել, և պարտքերն ինքնուրույն մարեն, ոչ թե պետության հաշվին։

Կառավարությունը վճարել է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքի մի մասը

«Նաիրիտը»` խորհրդային շրջանի քիմիական հսկան, գործել է մինչև 2000-ականների վերջը և եղել է աշխարհում քլորոպրենային կաուչուկի խոշորագույն արտադրողներից մեկը։

«Վանաձորի Քիմպրոմը», որը խորհրդային մեկ այլ հսկա է, դադարել է աշխատել 2013 թվականին։ Երկու ձեռնարկություններն էլ պարտք են ոչ միայն մասնավոր ընկերություններին (բանկերին ու «Գազպրոմ Արմենիային»), այլև պետությանը։