Ճակատագրի հեգնանք էր. գյուղնախարարը` օգոստոսին տեղացած կարկուտի մասին

Գյուղատնտեսության նախարարն այսօր խոսել է եղանակի` գյուղատնտեսությանը հասցրած վնասների ու դրանից հնարավոր պաշտպանության մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Այս տարի եղանակային տարբեր երևույթների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասը դեռ վերջնական հաշվարկված չէ: Այսօր, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Մինչև օգոստոս ամիսը մենք անհամեմատ ավելի լավ վիճակում էինք, քան նախորդ տարիներին: Մեր հաշվարկներով վնասները 6 մլրդ դրամի կարգի են: Համեմատության համար ասեմ` նախորդ տարի վնասը մոտ 12 մլրդ դրամ էր, 2016-ին` 32 մլրդ դրամ»,– ասաց նախարարը:

Փոխվարչապետը խոստանում է մենակ չթողնել գյուղացիներին.այցելություն կարկուտից տուժած գյուղեր

Իսկ օգոստոսյան ուժեղ կարկտահարությունից ու սելավից հետո վնասները հստակ հաշվարկված չեն:

«ճակատագրի հեգնանք էր: Ես վարչապետին երկուշաբթի զեկուցեցի, որ այս պահին վնասն այսքան է, սպասում ենք, որ օգոստոսի 2-րդ կեսին ռիսկը կանցի ու հենց հաջորդ օրը Արմավիրի կարկուտը տեղաց»,- ասաց նախարարը` հավելելով, որ եթե նոր եղանակային անակնկալներ չլինեն, վնասի հաշվարկից հետո կառավարությունը կկարողանա նաև հստակ ասել, թե ինչ հնարավորություն ունի կարկուտից ու սելավից տուժած գյուղացիներին աջակցելու համար:

Իսկ մինչ այդ կառավարությունն աշխատում է գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ուղղությամբ: Առաջիկա մի քանի տարիների բյուջեներում արդեն իսկ այդ նպատակով 10 մլն եվրո է նախատեսվել, որի կեսը հատկացնելու են միջազգային դոնոր կազմակերպությունները:

«Սա փորձնական ծրագիր է և հաջողության դեպքում կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում»,- ասաց Արթուր խաչատրյանը:

Ապահովագրության փորձնական ներդրումը կկատարվի նախ երեք մարզում` Արարատ, Արմավիր, Շիրակ, որոնք առավել ռիսկային են համարվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10–ին Արմավիրի մարզի որոշ համայնքներում տեղացած կարկուտը և ուժեղ քամին զգալի վնաս են հասցրել գյուղացիական տնտեսություններին` արմատախիլ անելով ծառել, պոկելով դեռ չհասած խաղողի ճյուղեր, վնասելով այլ մշակաբույսերի արտեր։