Ո՞վ կփոխարինի սկանդալի մեջ հայտնված Արա Վարդանյանին. ցանկացողները շատ են, աթոռը` մեկը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի թափուր աթոռը շատերին է գրավել։ Հիմնադրամից Sputnik Արմենիային որոշ տեղեկություններ են հաղորդել մրցույթի ընթացքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի աթոռը զբաղեցնելու ցանկություն ունեցողների պակաս չի զգացվում։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, այս պահի դրությամբ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 33 մարդ։

«Բնական է` անունները չեն հրապարակվում, դա կոռեկտ չէ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր մինչև ժամը 17։30-ն է։ Մինչև այդ ժամը կընդունենք, հետո անհրաժեշտ նյութերը կուղարկվեն հանձնաժողովին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը։

Մեր զրուցակիցը, սակայն, չհերքեց, որ հայտատուների թվում կան նաև հանրությանը հայտնի անուններ։

«Կան նաև հայտնի անուններ, կան և անհայտ։ Իմ կարծիքով մի քանիսը լուրջ չեն վերաբերվել, ներկայացրել են իրենց կարճ կենսագրությունը և ոչ մի լրացուցիչ նյութ։ Այսինքն` սկզբունքորեն ես կարող էի նաև չընդունել։ Բայց դա իմ իրավասությունը չէ։ Ես ինչ որ ընդունել եմ, այդ տեսքով էլ կհանձնեմ հանձնաժողովին»,- ասաց Խաչիկյանը։

Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է. հայտարարություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի թափուր աթոռի համար հայտարարված մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 10-11-ին, որից հետո հայտնի կդառնա արդեն նոր տնօրենի անունը։

Հիմնադրամի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի նախագահի, վարչապետի, ԼՂ նախագահի ներկայացուցիչներն ու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամներ։

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 2-ին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին` յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով։

Մարգարյան. «Արա Վարդանյանի հետ կապված բացահայտումը կայծակ էր` օրը ցերեկով»

Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հուլիսի 10-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Դրանից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել։

Մրցույթի պայմաններն ու մրցութային հանձնաժողովի կազմը հաստատել էր ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Օգոստոսի 1-ից մեկնարկած հայտերն ընդունման ժամկետն ավարտվում է այսօր` օգոստոսի 31-ին։