Կառավարությունը փորձում է մեղմել հացի գնաճը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր լրագրողներին հայտնել է, թե որքանով կթանկանա հացը և ինչ է արվում գնաճը մեղմելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայաստանը կարող է հացահատիկով ինքնաբավ լինել: Այսօր, լրագրողների հետ հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով` նախարարությունը ինքնաբավության խնդիր չի դրել, և ինչ ցանել` որոշում է գյուղացին: Բայց, նախարարի համոզմամբ, ցորենի ավելի բերքատու տեսակներ ցանելու ու այսօր չօգտագործվող հողատարածքներում ևս ցորեն ցանելու դեպքում ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է:

Կթանկանա՞ն սեպտեմբերին ցորենն ու ալյուրը. մեկնաբանում է գյուղնախարարը

Ինչ վերաբերում է ցորենի ու ալյուրի առաջիկայում սպասվող գնաճին, նախարարը հայտնեց, որ հայաստանյան երկաթուղին այս օրերին բանակցում է վրացական երկաթուղու ղեկավարության հետ` ցորենի փոխադրման համար որոշակի զեղչ սահմանելու համար: Իսկ որքանով հնարավոր կլինի մեղմել սպասվող թանկացումը հարցին, նախարարը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե ինչքան զեղչ կլինի: Եթե զեղչն էական լինի, հնարավոր է, որ գների թանկացում ընդհանրապես չլինի: Եթե զեղչ չլինի, ապա որոշ հաշվարկներով, հնարավոր է մինչև 25 դրամ թանկացում` 1 կգ-ի մեջ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք` Վրաստանի կառավարությունը արգելել է Լարսի անցումով ցորենի և ալյուրի խոշոր բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումները` դրա փոխարեն առաջարկելով օգտվել Փոթիի նավահանգստի և երկաթուղու կարողություններից։

Վրաստանի իշխանությունների այս որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 15-ից։

Հայաստանը ցորեն և ալյուր գրեթե ամբողջությամբ ներկրում է ՌԴ–ից` Վրաստանի տարածքով և, հատկապես, բեռնատարներով։

Տարեկան ներկրումների ծավալը կազմում է 280-300 հազար տոննա։ 2017թ–ին այդ ցուցանիշը հասել է 308 հազար տոննայի։