Գյուղացիներն ըմբոստացել են. ե՞րբ է իշխանությունը լուծելու ջրի հարցը

Գյուղացիները հոգնել են ոռոգման ջրին սպասելուց ու որոշել են բողոքել` փակելով Արմավիր–Էջմիածին ճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Գեղակերտ գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ու ժամանակավորապես փակել են Արմավիր-Էջմիածին ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են վերջապես լուծել ոռոգման ջրի հարցը։

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ տեղի իշխանությունը գիտի խնդրի մասին ու փորձում է օգնել, բայց այդ հարցը ջրային կոմիտեի իրավասության դաշտում է, հետևաբար այդ կառույցն է պատասխանատվություն կրում ոռոգման ջրի մատակարարման համար։

Միաժամանակ Միրիջանյանը հայտնեց, որ բողոքի ակցիան արդեն ավարտվել է, ու հողատարածքների ոռոգումը շուտով կվերականգնվի։

Ջրային կոմիտեի Ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանն իր հերթին Sputnik Արմենիային ասաց, որ գյուղի տարածքում կա վեց ջրհոր, որոնք վթարային վիճակում են, գյուղացիները պահանջում են վերանորոգել դրանք։

«Դրանք 14-15 տարի չեն գործել, և յուրաքանչյուրի նորոգման համար 15 միլիոն դրամ է պետք։ Ջրհորները մասնավոր տարածքում են, բայց գյուղացիները սպասում են, որ կոմիտեն ներդրումներ կանի», — պարզաբանեց Դադոյանը։

Փորձագետը նշեց, որ այդ գյուղի տարածքում մոտ 60 խորքային հոր կա, ու մի քանիսի նորոգման նախագծեր են մշակվում։ Դադոյանը վստահեցրեց, որ համապատասխան ծրագիրը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը։

Հիշեցնենք` Հայաստանում ոռոգման ջրի լուրջ պակաս կա։ Արարատյան դաշտում ոռոգման ջրի պակասուրդը լրացնելու համար ՀՀ կառավարությունն առաջարկել է Սևանից օրենքով նախատեսված 170 մլն խմ-ի փոխարեն այս տարի մինչև 210 մլն խմ ջուր վերցնել։ 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն արժանացել է ԱԺ հավանությանը։