Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերին. Սուրենյանը բացում է փակագծերը

Սեպտեմբերին ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի +2 –+5 աստիճան, իսկ ամենաբարձրը` +34 – +35։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերին սպասվում է բավական տաք եղանակ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Սեպտեմբերը մոտավորապես կլինի այնպեսին, ինչպեսին օգոստոսն էր։ Օդի միջին ամսական  ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 2 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայի սահմաններում»,- նշեց Սուրենյանը։

Ե՞րբ շոգերը կնահանջեն. եղանակի տեսություն

Նրա խոսքով` Երևանում սեպտեմբերի ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +35 աստիճանի սահմաններում, իսկ գիշերային ջերմաստիճանը ամենացածրը կգրանցվի +10-ից +12 աստիճան:

Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի նախալեռնային գոտիներում ցերեկային ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +33 – +35–ի սահմաններում, իսկ ամսվա երրորդ տասնօրյակում կիջնի մինչև +10, 12 աստիճան:

«Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում ցերեկային ժամերին հիմնականում օդի ջերմաստիճանը տատանվելու է +27-ից +30–ի սահմաններում, գիշերային ժամերին ամսվա վերջում չի բացառվում իջնի +2, +5 աստիճան:

Լոռու մարզում ցերեկային ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +28-ից +31-ի սահմաններում, իսկ գիշերվա ամենացածր ջերմաստիճանը, որը սպասվում է ամսվա վերջին տասնօրյակում, կլինի +2,+6 աստիճան:Տավուշում ցերեկային ջերմաստիճանը կրկին բավական բարձր է, ցածրադիր գոտիներում ցերեկը սպասվում է +30, +35 աստիճան տաքություն:Սյունիքի մարզում ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +34-ից +35 աստիճանի հատվածում»,–Հայաստանում սպասվող եղանակային պատկերը ներկայացրեց Գագիկ Սուրենյանը:Նա նաև նշեց, որ ամբողջ աշնան համար կանխատեսումներ չեն կարող անել, դեռևս կարող են միայն ասել, որ հոկտեմբերին տեղումների քանակը նորմայից բարձր է լինելու։