Հայտնի է, թե որ դեսպանները կփոխվեն առաջիկայում. «Հրապարակ»

Օրաթերթին հայտնի են դարձել առաջիկայում դիվանագիտական կորպուսում կատարվող փոփոխությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում: Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հրաժարական է տալիս ու փոքր գաղտնիք է բացում

Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ գործող դեսպան Գարեգին Մելքոնյանը, ով տարեսկզբին է դեսպան նշանակվել՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, հավանաբար, դուրս կգա համակարգից: Բալայանի փոխարեն ԱԳՆ խոսնակ կդառնա Աննա Նաղդալյանը, որն արդեն իսկ կատարում է այդ պարտականությունները:

ԱՄՆ-ում դեսպան կնշանակվի Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանը, իսկ գործող դեսպան եւ Բարսեղ Բեգլարյանի սանիկ Գրիգոր Հովհաննիսյանը, հավանաբար, կնշանակվի ԱԳ փոխնախարար: Կփոխվեն դեսպաններն ԱՊՀ համարյա բոլոր պետություններում, ինչպես նաև՝ Վրաստանում:

Կազատվեն նաև որոշ գլխավոր հյուպատոսներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Սերգեյ Սարկիսովը»։