ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով։ Որոշումը կայացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն ու «Վրացական երկաթուղի» ԲԸ–ն, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունը:
«Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ամեն օր Հայաստանը ներկրում է 315 հազար տոննա հացահատիկ, որից 2016թ.–ին, օրինակ, 156 հազար տոննան տեղափոխվել է երկաթուղու միջոցով։ 2017թ.–ին երկաթուղով ներկրված ցորենը կազմել է 111 հազար տոննա։ Տեղափոխման գների նվազեցումը, ընդհանուր առմամբ, հացահատիկի տոննայի վրա արժեքը կնվազեցնի 24,18 դոլարով։ Խոսքը Փոթիից Երևան բերվող հացահատիկի մասին է։
Գնային փոփոխությունը հնարավորություն կտա խոշոր ներկրողներին խնայել գումար, ինչը տեսականորեն կարող է ազդել նաև սպառման գնի վրա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։
Հարցը քննարկվել էր ԱԺ պատգամավորները, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդրի մասին խոսել էր վրացի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կայացած ասուլիսում ասել էր, որ եթե էական զեղչեր ստանանք երկաթգծից` ցորենի թանկացում կարող է չլինել, հակառակ դեպքում հնարավոր է այն 25 դրամով թանկանա: