ՀԱՊԿ–ում միայն Հայաստանը չէ. Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Աննա Նաղդալյանի հայտարարությանը

Հայաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե Ադրբեջանը որոշի անդամակցել ՀԱՊԿ–ին, ասել էր ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը։ Ադրբեջանն այդ հայտարարությանն արձագանքեց մի քանի օր անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ում մեկնաբանել են ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանի հայտարարությունը, որը կապված էր Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցելու մտադրության հետ։

«Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամը չէ, ՀԱՊԿ անդամ այլ պետություններ ևս կան», — haqqin.az-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ավելի վաղ հայտնել էր, որ «նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է դիտարկել Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում»։

Ի՞նչ կանի Հայաստանը, եթե դիտարկվի Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը

Աննա Նաղդալյանը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը, ընդգծել էր, որ եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարց լինի, Հայաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից։ Նա նաև նշել էր, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսի հիման վրա։

Նույն օրը ՀԱՊԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որում հստակ գրված էին կազմակերպությանն անդամակցելու պայմանները։ Փաստաթղթում, ամենից զատ, որպես ՀԱՊԿ-ին անդամակցելու անհրաժեշտ պայման նշվում է Կազմակերպության բոլոր անդամ-պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը։

Նշենք, որ ավելի վաղ ստեղծվել էր ՀԱՊԿ-ին առընթեր դիտորդի և գործընկերոջ կարգավիճակով ներկայացուցչություն։