ՌԱԴԻՈ

Եղոյան. «Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով»

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու մասին։
Sputnik
Արման Եղոյան

Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով և պարզել, որ Շանթ Հարությունյանի և խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է: Sputnik Արմենիայի եթերում ասաց Արման Եղոյանը։

Նրա խոսքով` կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը: Դա կնշանակեր, որ նրանք հայտնվում են ազատության մեջ ` միաժամանակ լինելով դատապարտված։

Սակայն Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել:

«Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»,– ասաց Եղոյանը:

Հիշեցնենք. 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել:

Երթը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախման։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և խուլիգանության հոդվածով դատապարտվեցին ազատազրկման։ «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեցին 14 մարդ։ Այժմ անազատության մեջ է միայն Շանթ Հարությունյանը: