«Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց

Ուսումնասիրության արդյունքում պարզվել են ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները բնապահպաններին ցույց տվեցին իրենց «ատամները»

Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը կատարել է ուսումնասիրություն, ինչի նպատակով տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: