Երևանում կանցկացվի գեղասահքի աշխարհի գավաթի առաջնություն

Հոկտեմբերին Հայաստանի մայրաքաղաքը կհյուրընկալի աշխարհի 41 երկրի 220 գեղասահորդի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հոկտեմբերի 8-14-ը Երևանում կանցկացվի գեղասահքի պատանիների «Գրան Պրի» աշխարհի գավաթի խաղարկություն։ Այս մասին որոշումն այսօր` օգոստոսի 30-ին, հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Որոշման համաձայն` միջոցառման անցկացումն ապահովելու նպատակով Գեղասահքի միջազգային միությունը «Գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը կտրամադրի 100 000 ԱՄՆ դոլար՝ մասնակիցների կեցության և վարձատրության համար:

Հայաստանի Հանրապետությունը հոգալու է բոլոր մարզիկների սննդի, տրանսպորտի և սահադաշտի վարձակալության ծախսերը, իսկ մասնակիցների գիշերավարձը կհոգա գեղասահքի միջազգային ֆեդերացիան:

Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվեց Սպորտի և երիտասարդության նախարարությանը հատկացնել 13 360 000 դրամ։ Գավաթի խաղարկությանը մասնակցելու են 41 երկրի 220 մարզիկ, 40 մրցավար, 50 մարզիչ և գեղասահքի միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը: