Աղի վերաբերյալ ահազանգը ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի համար հիմք է հանդիսացել ստուգելու, թե ինչ իրավիճակ է տիրում շուկայում։
«Մեզ համար դա հենք էր ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Խնդրին ծանոթ եմ բավականին վաղուց` ավելի քան 15 օր։ Առաջին օրը մեր խմբերը սկսեցին աշխատանքներ իրականացնել, և մենք ոչ մի խանութում չկարողացանք տեխնիկական աղ հայտնաբերել։ Կապ հաստատեցինք ահազանգը հնչեցրած տնտեսավարողի հետ, նա հայտնեց խանութի տեղը։ Մենք եղանք այնտեղ և տեսանք, որ աղը մակնշված էր որպես արդյունաբերական, չդոյացված աղ»,- պատմեց Պիպոյանը։
Նրա խոսքով` ահազանգն այն մասին, որ մարդիկ ձեռք են բերում այդ աղը, պրակտիկորեն բացառվում է, որովհետև այդ աղը վաճառվում է 25 կիլոգրամանոց պարկերով։
Հիշեցնենք, որ Ավանի աղի կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, հունվարի մեկից մինչև օգոստոսի կեսը Հայաստան է ներմուծվել մոտ 2000 տոննա իրանական արտադրության տեխնիկական և արդյունաբերական աղ, որն ըստ իրենց տվյալների՝ գրեթե ամբողջովին օգտագործվում է սնունդ արտադրող ձեռնարկությունների կողմից՝ հաց, մսամթերք, ձկնեղեն, պահածոներ արտադրելու գործընթացում: