Խորհրդարանը թույլ տվեց ավելացնել Սևանից բաց թողնվող ջրի ծավալը

Արարատյան դաշտի անջուր մնացած հողատարածքները Սևանից ջուր կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԺ–ը դեմ չէ, որ Արարատյան դաշտի անջուր մնացած բնակավայրերի գյուղացիներին Սևանից լրացուցիչ ջուր տրվի։ Այս մասին ՀՀ կառավարության առաջարկն այսօր ստացավ պատգամավորների մեծ մասի հավանությունը։

Սևանից լրացուցիչ ջրառը ցավոտ է. նախարար

Ազգային ժողովը 80 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման ու օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մինչ օրինագծի հաստատումը պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ ստիպված են կողմ քվեարկել առաջարկին, թեև դեմ են Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու գաղափարին։ Պատգամավորները կառավարությանը կոչ արեցին նաև ուսումնասիրել ոռոգման ջրի ոլորտում առկա խնդիրները և, մասնավորապես, շուրջ 50 տոկոսի հասնող կորուստները։