Ինչպես է անցնում Տավուշի սահմանագիծ մեկնած ոստիկանների ծառայությունը. լուսանկարներ

Սահման մեկնած ոստիկանները փոխարինում են ժամկետային զինծառայողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզում ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ համատեղ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին, որոնք ՀՀ վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում փոխարինել էին ժամկետային զինծառայողներին: Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, ծանոթացանք պայմաններին, խնդիրներին և քննարկեցինք ծառայությանը առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Գրիգորյանը:

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը Տավուշի մարզ է մեկնել օգոստոսի 23-ին։

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ ոստիկաններին անփորձանք ծառայություն էր մաղթել և հավաստիացրել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու է դիրքերում, նրանց կողքին: