ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանը Իրանից պատասխան կպահանջի Արաքսի ափերին երկու ՀԷԿ կառուցելու վերաբերյալ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Դեռ 2006 թվականին Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին Արաքսի ափերին երկու ՀԷԿ կառուցել։ Անցած տարիների ընթացքում հարցը բազմաթիվ անգամ է քննարկվել։ Շինարարության մասին հուշագիրը ստորագրվել էր 2011 թվականին, սակայն մինչ օրս ո՛չ շինհրապարակ կա, ո՛չ նախագիծ։
«Իրանական կողմին կրկին կներկայացնենք մեր առաջարկները։ Սեպտեմբերի 2-3-ը մեր պատվիրակությունը կլինի Իրանում։ Այնտեղ կփորձենք նրանցից վերջնական պատասխան ստանալ», — ասաց նախարարը։
Երկու կայաններն էլ պետք է կառուցեր իրանական կողմը։ Ըստ համաձայնագրի` Մեղրիի ՀԷԿ-ը, որը պետք է կառուցվեր հայկական ափին և ունենար 130 ՄՎտ հզորություն, տարեկան մոտ 800 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա պետք է արտադրեր։ Իրանական ներդրողը («Թավան Աբ Արազ» ընկերությունը) կայանը պետք է կառուցեր 5 տարվա ընթացքում, հոսանքի վաճառքից 15 տարի եկամուտ ստանար, այնուհետև կայանը հայկական կողմին փոխանցեր։