ՌԱԴԻՈ

Չարխչյան. «Նիկոլը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, որը Հայաստանում իրականացված փոփոխությունների ջատագովն է, Sputnik Արմենիայի եթերում խոսում է ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած թեկնածուների մասին։
Sputnik
Հովիկ Չարխչյան

Ինչպես ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի` Հովիկ Չարխչյանն էլ մեկ ձայնի իրավունք ունի և ընտրելու է լավագույններից մեկին։

«Ես ինքս լինելով Հայաստանում ընթացող փոփոխությունների ջատագով` մեծ ցանկություն ունեի տեսնել, որ իմ նախընտրած քաղաքական ուժը կներկայանա արժանի թեկնածուով։ Այսինքն, եթե մեր երկրում փոփոխություններ ենք կատարում, որպեսզի վատ երկիրը վերածենք լավ երկրի, մենք պետք է մտածենք նաև մայրաքաղաքի մասին։ Բայց այն թեկնածուները, որոնց այսօր ներկայացնում է այդ քաղաքական ուժը, բոլորովին իմ սրտով չէ»,- ասում է նա։

Չարխչյանի խոսքով` լինել հեղափոխության ջատագով, չի նշանակում ֆանատիզմով վերաբերվել այն ամենին, ինչ կատարվում է։ Հեղափոխական ուժերին ընդունելը չի նշանակում, որ հեղափոխական ուժերն անսխալական են։

«Ցավոք, անցած ամիսների ընթացքում մենք սխալների ականատես դարձանք, դրանք արձանագրեցինք սրտացավությամբ, և շատ տեղին է հնչեցնել հայտնի արտահայտությունը. «Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Այս նույն իմաստով` Նիկոլը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Ու ես պիտի ասեմ, որ նրա ընտրությունն այնքան էլ հաջող չէ, եթե չասեմ` շատ մեծ սխալ է»,- ասում է նա։

Չարխչյանը նշում է, որ խոսքը Հայկ Մարությանի և «Քաղաքացիական պայմանագրի»` ավագանու ընտրություններին ներկայացրած մի քանի թեկնածուների մասին է, որոնք, նրա խոսքով, կարծես թե պետք է բոլորովին մասնակից չլինեին քաղաքի կառավարման գործընթացներին։