Գագիկ Բեգլարյանի ու Մհեր Սեդրակյանի անուններն էլ հայտնվեցին քրեական գործում

Տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարն ու ԱԺ նախկին պատգամավորը չարաշահումներ են թույլ տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների ու Ալիկ Սարգսյանի անունները հայտնվել են նոր քրեական գործում

Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2017 թվականին որոշում է կայացվել՝ նախկին գործադիր տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործով շարունակվել են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով, որի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։

Մասնավորապես՝ երեք տարբեր քրեական գործեր են հարուցվել վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ, ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500.000 ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում, և նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Ըստ դրվագների կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել՝ կատարված առերևույթ հանցավոր դրսևորումներին նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ։

Մասնավորապես՝ ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. օգոստոսի 28-ին որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին: