ՀՀ գլխավոր դատախազությունը նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումների ուսումնասիրման նպատակով դատախազությունում հատուկ խումբ է ստեղծվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանի գլխավորությամբ այսօր` օգոստոսի 29-ին հատուկ խումբ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է, դատախազության մամուլի ծառայությունը։

Լևոն Տեր–Պետրոսյանը «ձեռքերը լվանում է».ՀԱԿ–ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Խումբը գրանցելու է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների ահազանգերը, զբաղվելու է դրանց հիման վրա նյութերի նախապատրաստմամբ ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության իրականացմամբ։

Դատախազական խումբը համագործակցելու է ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հետ։

Իսկ ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով Երևանի դատախազությունում այսօրվանից գործելու է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մայրաքաղաքում կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։

Ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան»  և «Հանրապետություն»  կուսակցություններն իրենց հերթին առաջարկել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, ՕԵԿ–ի թեկնածուն` Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ–ի թեկնածուն`Միքայել Մանուկյանը։