Պատժելու ենք քարոզչության համար. Արայիկ Հարությունյանը սպառնաց դպրոցների տնօրեններին

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ դպրոցների քաղաքականացված լինելը բացասաբար է անդրադառնում կրթության մակարդակի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Այն մանկավարժները, որոնք Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններից առաջ քարոզչություն կանեն որևէ կուսակցության օգտին, խստորեն կպատժվեն։ Այս մասին այսօր ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցների տնօրենների հետ ամենամյա խորհրդակցության ժամանակ։

Զվարճալի դեպք. կրթության նախարարը դպրոցի տնօրենի համար «քննություն» կազմակերպեց

Նախարարը դպրոցների ապաքաղաքականացման հարցն առաջնային է համարում, քանի որ քաղաքականությունը դպրոցում բացասաբար է ազդում կրթության մակարդակի վրա։

«Դպրոցների մասնակցությունը` ի դեմս տնօրենների ու մանկավարժների, պետք է լինի զրոյական։ Դպրոցականների ծնողների շրջանում քարոզչությունն անընդունելի է։ Եթե նման ահազանգեր լինեն, ես իրավապահ մարմիններին կդիմեմ, թեև մինչև հիմա նման բան չեմ արել», — ընդգծեց նախարարը։

Նա նշեց նաև, որ առաջին հերթին դա վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին տարվող քարոզչությանը (հենց այդ քաղաքական ուժն է ներկայացնում նախարարը)։