ՀԱՊԿ–ում պարզաբանել են` ինչպես է կարելի գործընկեր դառնալ. քննարկել են Խաչատուրովի հետ

Պետությունը, որը հավակնում է գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակ ստանալ, պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ–ի անդամ բոլոր պետությունների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդ կամ գործընկեր կարող է դառնալ ՄԱԿ-ի անդամ պետությունը, որը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն ու միջազգային իրավունքի ընդունված նորմերը։ Այս մասին նշվում է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի այսօրվա նիստից հետո հրապարակված հաղորդագրությունում։

Ի՞նչ կանի Հայաստանը, եթե դիտարկվի Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը

Նշվում է, որ քննարկմանը մասնակցել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվել է ՀԱՊԿ-ի դիտորդ կամ գործընկեր դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

«Մասնավորապես առաջարկվում է, որ ՀԱՊԿ-ի դիտորդ կամ գործընկեր կարող է դառնալ ՄԱԿ-ի անդամ երկիրը, որը կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները ու միջազգային իրավունքի նորմերը։ Գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակ ստանալու հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ», — նշվում է հաղորդագրությունում։

Միջխորհրդարանական համագործակցության ռուս-ադրբեջանական խմբի նախագահ Ալի Հուսեյնովն ավելի վաղ հայտնել էր, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է դիտարկել Ադրբեջանի` ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը։ Հայաստանն արդեն հայտարարել է, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրակարգում հայտնվի Ադրբեջանի անդամակցության հարցը։