ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ երբ դատարանի որոշումն իր ձեռքում լինի, կդիմի Վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք, որ Պողոսյանն օգոստոսի 10-ին բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։
Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։