«Ես ինքս ինձ եմ տապալե՞լ». Քոչարյանն ասել է` ինչ հույսեր է ունեցել Հայաստան վերադառնալիս

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ իր հանդեպ հարուցած քրեական գործը քաղաքական վենդետա է։ Նա հայտարարել է, որ պայքարելու է մինչև վերջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալիս հույս ուներ, որ դատական համակարգն ազատ է։ Այս մասին նա ասել է ՆՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում` մեկնաբանելով իր դեմ հարուցած քրեական գործը։

«Բոլորը բոլորի դեմ հասարակություն ունենալու վտանգ կա». ՀՅԴ–ն` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

«Ես վերադարձա հստակ հասկանալով, որ ինձ կարող են ձերբակալել։ Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ բարդություններից չեն խուսափում։ Բայց միևնույնն է հույս ունեի, որ դատաիրավական համակարգը մինչև վերջ ենթակա չէր գործադիր իշխանությանը, ու որ դատարանները ինչ–որ չափով ինքնուրույն են», – նշել է երկրի նախկին նախագահը։

Նա հավելել է, որ եկել է իր արժանապատվության համար պայքարելու։ Քոչարյանը վստահ է, որ քրեական գործը շինծու է։ Ավելին` նա կարծում է, որ այնտեղ «ընդհանրապես քրեական գործ չկա», և որ խոսքը քաղաքական վենդետայի մասին է։

«Ինձ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել։ Պատկերացնու՞մ եք։ Պարզվում է` նախագահը, որը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնում է այդ պաշտոնը, ինքն իրեն է տապալել… Դա վկայում է այն մասին, որ խոսքը ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է», – ավելացրել է Քոչարյանը։

Նրա համար անհասկանալի է` ինչու 10 տարի հետո միայն նա է թիրախ դարձավ։ Քոչարյանի կարծիքով` 10 տարի անց իշխանության եկան մարդիկ, ովքեր զանգվածային անկարգություններ էին կազմակերպել, ովքեր դատվել էին զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար։

Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս չունի. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն հերքում է

«Այդ պատճառով խոսում եմ քաղաքական վենդետայի մասին։ Այսինքն` տասը տարի անց իշխանության եկան մարդիկ, ովքեր պարտվել էին ընտրություններում։ Ու հիմա նրանք մտածում են միայն այն մասին` ինչպես վրեժ լուծել այն մարդկանցից, որոնց նրանք թշնամի են համարում», – ամփոփել է ՀՀ 2–րդ նախագահը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն ավելի ուշ «ապօրինի» որակեց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այն, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը: