Դպրոցականներ, պատրաստվեք. «ազգային երգ ու պար» առարկա կդասավանդեն ավելի քան 250 դպրոցում

Նոր ուսումնական տարին սկսելուց առաջ ուսուցիչները վերապատրաստվել են ամբողջ ամառվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. 2018-2019 ուստարվանից «ազգային երգ ու պար» առարկան, որն արդեն 4 տարի է` ինչ ներառված է դպրոցական ծրագրում, կդասավանդվի Հայաստանի ավելի քանի 250 դպրոցներում: Այս մասին հայտնում է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը

Այդ նպատակով ամբողջ ամառվա ընթացքում «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամն իրականացրել է «ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, որին մասնակցել են թվով 174 ուսուցիչ։

Օգոստոսի 31-ին, ժամը 18:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «ազգային երգ ու պար» առարկայից վերապատրաստում անցած ուսուցիչների հաշվետու համերգն ու վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: