ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` օգոստոսի 28-ին, հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը։
Բաբլոյանն Արմեն Սարգսյանին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են` խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:
ՀՀ նախագահը, կարևորելով Սահմանադրության գերակայության հրամայականը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահն ավելի վաղ հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նման հանդիպումների նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Արա Բաբլոյանը՝ երկրի ներքաղաքական դրության մասին իր հայտարարությամբ։