Ի՞նչ կանի Հայաստանը, եթե դիտարկվի Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը

Հայաստանն այս առումով հստակ դիրքորոշում ունի, որը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին:

«Վերլուծական շրջանակներում այդպիսի քննարկումներ իսկապես ընթանում են, բայց այդ շրջանակում քննարկումները իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Ես բարձրաձայնեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- ասաց նա:

Նաղդալյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:

«Մենք այս առումով մեր դիրքորոշումը հայտնել ենք, և այդ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: Այդ դիրքորոշումը հստակ բարձրաձայնել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը»,- ասաց Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն Մաքսային միության և ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված ինտեգրացիոն տնտեսական միություն է, գործում է 2015 թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։