«S.O.S Սևան». վարչապետին խնդրում են հետ կանչել հավելյալ ջրառի օրինագիծը

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik.  «S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է Ազգային ժողովի հաստատմանը կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ:

Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Բերբերյան. «Էջիմածնի շրջանում 1988-ին այնքան ջուր կար, որ մենք հրաժարվեցինք Սևանի ջրից»

Նիկոլ Փաշինյանին ուղղած խնդրանքում նախաձեռնության անդամները հորդորում են վարչապետին հետ  կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Բաց նամակում նախաձեռնությունը ներկայացրել է մտահոգության հիմք հանդիսացած փաստարկները.

«Հարգարժան պարոն վարչապետ,

«S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ: Մտահոգությունները պայմանավորված են հետևյալ փաստարկներով.

Ս/թ օգոստոսի 6-ին Ձեր կողմից տրված հանձնարարականի շրջանակներում կազմակերպած քննարկումներն, ըստ էության,  հանրային բնույթ չկրեցին. Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանականության քաղցրահամ ջրային պաշարի` ոռոգման նպատակով  հավելյալ օգտագործման նպատակահարմարության հարցը չդրվեց լայն հասարակության քննարկման, քննարկման մասնակցության համար չեն իրազեկվել անգամ «S.O.S Սևան» նախաձեռնության  անդամները և կազմակերպությունները, ոլորտի գիտնականները և փորձագետները, ովքեր կտային Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի հիմնավորումները:

Դանիելյան. «Սևանի ծաղկելը կյանքի ու մահվան սահմանին գտնվող լճի ճիչն է»

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա  Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին:

Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր և թվեր Սևան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին  տրամադրված ՋԹ-ներով ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրի» մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների գերազանցումների մասին:

Ակնարկվեց ընդամենը  ոռոգման համակարգի վերականգնման և բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները և ժամկետները:

Փոքր ՀԷԿ-երը, Ամուլսարը, Սևանից ջրառն ու անտառահատումները. բնապահպանական մտահոգություններ

Համոզիչ չէր կառավարության կողմից հնչած այն հայտարարությունը, որ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայից ստացված շահույթը կուղղվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգի արդիականացմանը, ինչի  արդյունքում կնվազեն ջրային ռեսուրսների կորուստները, քանի որ դեռևս 2017 թվականի հուլիսի 7-ին ստորագրված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված`  2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը, ինչն այսօրվա դրությամբ կազմում է 1645139600,0 դրամ գումար, չի  օգտագործվել Սևան-Հրազդան ջրառի համակարգի արդիականացման վրա: Ավելին, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի կողմից մեզ ուղղված 07/ԱԿ/10/4915-18 (27.08.2018թ.) գրության, ներկայումս շրջանառության մեջ է այդ գումարը ՀՀ պետական բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Գաբրիելյան.« Սևանա լիճն այնքան իջած է, որ յուրաքանչյուր սանտիմետրը խնդրահարույց է»

Ելնելով վերոնշյալ փաստարկներից` «S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է` Էկոլոգիական հասարակական դաշինքը,  «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», «Թռչնասերների կենտրոն», «Խազեր» էկոլոգամշակութային, «Շողեր», «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Հայաստանի անտառներ», «Բլեջան», «Սպառողների աջակցման կենտրոն»,  «Կովկաս», «Երիտասարդական գաղափարներ», «Առողջ կյանք», «Արազա», «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն», «Գեղամա երիտասրադական տարածքային ասոցիացիա»,  «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների և 55 ակտիվիստների, դիմում է Ձեզ` խնդրելով հետ կանչել ՀՀ ԱԺ-ի քննարկմանը  ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը`ակնկալելով հետագա համագործակցություն շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

«S.O.S Սևան» նախաձեռնություն»:

Նշենք, որ օգոստոսի 28-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման համար:Այդ օրը` ժամը 10:00-ին, ի պաշտպանություն Սևանա լճի Ազգային ժողովի մոտ կմեկնարկի բողոքի ակցիա: