Ողբերգական դեպք Կալմիկիայում. տուժած հայերի թիվը հասել է 4-ի

Երկուսը մահացել են, երեքը հիվանդանոցում են, մեկը բուժօգնության կարիք չի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Կալմիկիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած հայերի թիվը 4-ի է հասել։

ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել օգոստոսի 26-ի վաղ առավոտյան։ Վթարված ավտոմեքենայում 6 մարդ է եղել, նրանցից 2-ը մահացել են։ Նախնական տվյալների համաձայն` վանաձորցի ամուսիններ էին։

Եվս երեքը տեղափոխվել են տեղի հիվանդանոց, մեկը (ենթադրաբար ազգանունը` Շամոյան) հոսպիտալացման կարիք չի ունեցել։

Նախնական տվյալներով` տուժածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսները` Հայաստանի։ Ավտոմեքենայում նրանցից մեկի անունով Վորոնեժում բնակվելու ժամանակավոր թույլտվություն է հայտնաբերվել։

Ավելի վաղ հայտնել էին, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել «Կասպիյ» Р-22 ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրում, Ցոլինի շրջանի տարածքում։ «Սուբարուի» վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։