Գերմանիայի կանցլերի այցը պրոտոկոլային էր. քաղաքագետի մեկնաբանությունը

Ինչ տվեց Մերկելի այցը Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին։ Մեկնաբանում է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցը ոչ պատմական, ոչ էլ գերբնական իրադարձություն էր։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Մերկելի այցն այսպես բնորոշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով. «Դա սովորական պրոտոկոլային միջոցառում էր»։

Իսկանդարյանի համոզմամբ` այդ այցը ո՛չ Հայաստանին, ո՛չ Վրաստանին և ո՛չ էլ Ադրբեջանին որևէ արդյունք չի տա։

Անգելա Մերկելին Բաքվից «ճանապարհել են» հայկական դրոշներով. տեսանյութ

Բայցևայնպես, տարածաշրջանային այցը, քաղաքագետի դիտարկմամբ, հետաքրքիր իրողություններ բացահայտեց։ «Այդ այցը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի երկրների հանդեպ Գերմանիան տարբեր մոտեցումներ ունի»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա գնահատմամբ` Վրաստանը Մերկելի այցի շնորհիվ որոշակի գումար ստացավ, բայց միաժամանակ նաև՝ սառը ցնցուղ, երբ փորձեց խոսել ՆԱՏՕ-ի մասին։

Ադրբեջանը թեև փորձեց այցը ներկայացնել դեպի Եվրոպա գազի արտահանման կոնտեքստում, բայց դա հայ փորձագետի համոզմամբ, մոտ ապագայում չի լինի։ «Այն սովորական մեդիափուչիկ էր»,- ասաց  Իսկանդարյանը։

Դե, իսկ Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Վրաստանի, ոչինչ չխնդրեցին Գերմանիայի կանցլերից։

Դա, քաղաքագետը  բավական հաջողված քայլ է համարում ՀՀ նոր իշխանության համար։

Դե, իսկ Գերմանիայի համար նման այցերը սովորական երևույթ են, քանի որ Գերմանիան գլոբալ երկիր է, և նման այցելություններ փոքր երկրներ ժամանակ առ ժամանակ իրեն պետք է թույլ տա։