Ո՞ւր են հոսում Սևանի ջրերը. բնապահպանները` Սևանից լրացուցիչ ջրառի մասին

Մասնագետները դեմ են Սևանից լրացուցիչ ջրառի նախաձեռնությանը։ Կառավարությունը դիմել է Ազգային ժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Սևանի մակարդակի բարձրացումը կանգնեցված է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ կառավարության նախագիծը, ասաց ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը:

Նրա խոսքով, Սևանի մասին օրենքի ընդունումից` 2012 թվականից ի վեր արդեն 3 անգամ Սևանա լճի մակարդակի բարձրացման բացասական բալանս է գրանցվել, ինչի համար որևէ մեկը պատասխան չի տվել:

Սևանա լճին պետք չէ ջրի տարայի տեղ դնել. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման խնդիրները

«Հիմա հերթական ջրառի համար Ջրպետկոմը դիմել է կառավարություն և Ազգային ժողով: Սկզբում ուզում էին մինչև 80 միլիոն խմ ջրառ իրականացնել, հետո, կարծես, գտան ներքին ռեզերվներ, և հիմա 40 միլիոն խմ-ի մասին են խոսում»,- ասաց նա:

Մինչդեռ, մասնագետի համոզմամբ, այս տարի լրացուցիչ ջրառի կարիք ընդհանրապես պետք է չզգացվեր։

«Այս տարի ջրատվությունն այնքան է եղել, որ բոլոր ջրամբարների համար կարող էր ապահովվել 100 տոկոս լցվածություն: Օրինակ՝ Մարմարիկի ջրամբարից մարտի 14-ից ջուր են բաց թողել: Խնդրում եմ ասեք՝ մարտի կեսին Հրազդանում այդ ի՞նչ էին ջրում, որ ջրամբարը դատարկում էին»,- ասաց Մինասյանը:

Եվ այդուհանդերձ, մասնագետը չի ժխտում` որոշ գյուղատնտեսական տարածքներ այսօր իրապես ջրի կարիք ունեն, և այդ հարցը ստիպված պետք է լուծվի Սևանի հաշվին։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-i նախագահ Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց, որ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառը ևս կարող է հանգեցնել լճում ջրի ավելացման բացասական բալանսի։

Իսկ լիճն արդեն իսկ վատ վիճակում է, կապույտ-կանաչ ջրիմուռներով ծաղկելը, ըստ Դանիելյանի, ոչ թե պատահականություն է, այլ «կյանքի ու մահվան սահմանին գտնվող, ճահճացող լճի ճիչը»։

Գաբրիելյան.« Սևանա լիճն այնքան իջած է, որ յուրաքանչյուր սանտիմետրը խնդրահարույց է»

Սևանա լճի մասին օրենքում ամրագրված 6 մետր բարձրացման անհրաժեշտությունը, Դանիելյանի դիտարկմամբ, լիճը ճահճացումից փրկելու նվազագույն պայմանն է։

«Մենք սկսեցինք բարձրացնել, և դա լավ է, բայց վերջին տարիներին անընդհատ տատանումներ ենք տալիս` մի փոքր բարձրացնում ենք, հետո իջեցնում, չնայած օրենքը դա թույլ չի տալիս, և դա խիստ բացասաբար է անդրադառնում լճի ջրի որակի վրա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է լրացուցիչ 40 մլն խմ ջրառի վերաբերյալ կառավարության նախաձեռնությանը, որը վաղը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում, Դանիելյանը կարծում է, որ նախագիծը կընդունվի։ Բայց հուսադրող է այն, որ հատուկ հանձնաժողովը վերահսկելու է ջրառը, ու եթե բավարարի 20 մլն խմ-ը, ջրառը հնարավոր է սահմանափակվի այդքանով։

Վաղը` օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին, Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում կառավարության առաջարկած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկած նախագիծն է։

Դրանով կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված 170 մլն խմ ջրառն ավելացնել և 40 մլն խմ-ով` պատճառաբանելով գյուղատնտեսական տարածքներում գրանցված ջրի դեֆիցիտը։