Ռոբերտ Նազարյանը հերքում է. «Վեոլիա ջուրը» կաշառք չի տվել

Ջրի սակագնի սահմանումը տեխնիկական բնույթի գործառույթ է։ Ռոբերտ Նազարյանի փարիզյան այցը կաշառք չէ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատասխանել է հարուցված քրեական գործին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտահոգություն է հայտնում ՀՀ ոստիկանության` «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով պաշտոնական հաղորդագրության վերաբերյալ։ Տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ պետական մարմինն իրեն հասցեագրված մեղադրանքներն անհիմն է որակում։

«Վեոլիա ջուրը» վրդովված է. ընկերությունը չի ընդունում ոստիկանության մեղադրական ոճը

ՀԾԿՀ-ն հայտնում է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացում իր լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն:

«Սակագները ձևավորվել են ՀՀ կառավարության հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում, որի փաստաթղթերը մշակվել են միջազգային խորհրդատվական ընկերության աջակցությամբ և հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից»,- հիշեցնում է պետական կառույցն ու հավելում, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մրցութային պայմաններին բավարարող և առավել նվազ սակագին առաջարկած հեղինակավոր «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությունը: Իսկ այդ ընկերության կողմից հիմնադրված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին 15 տարի գործողության ժամկետով կնքվել է վարձակալության պայմանագիր, որը մեկնարկել է 2017 թվականի հունվարի 1-ից:

«Նույն մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով ամրագրվել է նաև բազիսային սակագների ճշգրտման հստակ մեխանիզմ՝ պայմանավորված 3 կոնկրետ գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման կանխատեսվող բազիսային ծավալների փոփոխություն):

«Հետևաբար պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ (15 տարի), խմելու ջրի ոլորտի սակագները կարգավորվելու են նշված մեխանիզմով»,- հիշեցնում է ՀԾԿՀ-ն ու ավելացնում, որ սակագների ճշգրտման գործընթացում մարդկային սուբյեկտիվ գործոնն ու հանձնաժողովի ցանկացած միջամտություն իսպառ բացառված են։ Իսկ սակագնային հավելվածի աղյուսակի համաձայն` բազիսային սակագները մինչև 2023 թվականը աճելու են, և միայն դրանից հետո՝ նվազելու:

Սենսացիոն բացահայտում. «գլխավոր դերերում» են «Վեոլիա ջուրն» ու Ռոբերտ Նազարյանը

«Այս համատեքստում պարզապես մտացածին է հանձնաժողովի ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը: Նման գործուղում, այո, տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ և նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀԾԿՀ-ն ցավով է նշում, որ հարցը չի քննարկվել մասնագիտական շրջանակներում, իսկ գործող կարգավորումները պատշաճ չեն ուսումնասիրվել։ Այդուհանդերձ, հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում շահագրգիռ անձանց տրամադրել հաղորդագրության հիմքում դրված բոլոր փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ջրի սակագնի հայտը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։