Կբարձրանա՞ն մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը. նախարարի պատասխանը

2018թ-ի բյուջեն արդեն քննարկման փուլում է: Աշխատավարձերի չափը դեռ չի հստակեցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Առայժմ հայտնի չէ` կբարձրանան ՀՀ մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը, թե ոչ։Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով իր 100-օրյա աշխատանքը, ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով` հաջորդ տարվա բյուջեն դեռ նոր է մշակվում, և ֆինանսների նախարարությունը դեռ չի հստակեցրել` ունի նման հնարավորություն, թե ոչ:

«Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի միջոցներ գտնենք մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու համար»,- ասաց Մակունցը:

Որպես հարցի հնարավոր լուծում` Լիլիթ Մակունցը նշեց մշակույթի ոլորտում աշխատող ՊՈԱԿ-ներին առավել ինքնուրույնություն տալու հնարավորությունը: Դրա շնորհիվ ՊՈԱԿ-ի տնօրեններն իրենք կկարողանան որոշել` ինչ չափով վարձատրել ու ինչ չափով պարգևատրել իրենց աշխատակիցներին: Փոխարենը նախարարությունն էլ համապատասխան չափով կավելացնի տնօրենների աշխատավարձերը:

Պատասխանելով թատրոնում, կինոյում ու նաև հեռուստատեսությունում տիրող մշակութային ճաշակի մասին հարցերին` Մակունցը չցանկացավ հստակ գնահատական հնչեցնել, բայց հավելեց, որ ճաշակը թելադրում և ձևավորում է պահանջարկը: Այդուհանդերձ, նախարարն ընդունեց, որ նախարարությունն այդ հարցում անելիք ունի, բայց տարիներ շարունակ ոչինչ չի արել:

«Ես նման բան չեմ տեսել, որ այդ ուղղությամբ պետականորեն ինչ-որ բան ձեռնարկվի»,- ասաց Մակունցը։

Նա վստահեցրեց, որ նախարարությունը որոշակի աշխատանքներ տանելու է այդ ուղղությամբ, մասնավորապես`դպրոցներում մշակութային ծրագրեր իրականացնելու և նոր սերնդի մոտ ճաշակ ձևավորելու համար: