ՀՀԿ–ական պատգամավորի անվան հետ կապվող «Գազելների» վարորդները դադարեցրին գործադուլը

Վարորդները բողոքում են, որ «լևի» մեքենաները փախցնում են ուղևորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այսօր` օգոստոսի 27-ին, հանդիպել է Արմավիր- Երևան երթուղու` գործադուլ անող վարորդների հետ և քննարկել խնդիրները: Փոխնախարարն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ նրանց բողոքի պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշներով փոխադրողների գործունեությունն է։

«Խնդիրն այն է, որ անօրինական փոխադրումներ իրականացնողների գործունեությունը կարգավորող տեսչական մարմինը, որն այլևս նախարարության կազմում չէ, ներկայում վերակազմավորման փուլում է և չի կարող համապատասխան քայլեր իրականացնել ապօրինի ուղևորափոխադրողների նկատմամբ: Երևան-Արմավիր երթուղին սպասարկող վարորդները գործադուլը շարունակեցին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության դիմաց՝ կայանելով մեքենաները Վազգեն Սարգսյան փողոցի վրա»,- գրել է փոխնախարարը»

Նա հայտնել է, որ զրուցել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, ինչպես նաև վարորդների հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվեց վաղվանից շահագործել երթուղին մինչ առկա խնդիրն ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ լուծում կստանա և կբացառենք ցանկացած տեսակի ապօրինություն:

Նշենք, որ ըստ լուրերի` «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին, թեև պատգամավորն ինքը հերքում է այդ լուրը։