Խաչատրյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հանձնարական է տվել ներկայացնել գյուղնախարարության մեկնաբանությունները` շուկայում մթերքի գների բարձրացման վերաբերյալ։
«Մենք գների տատանումների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք, ինչպես նաև կուսումնասիրենք գների բարձրացման հնարավոր պատճառները»,- ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ տարբեր շուկաներում գները տարբեր են։
«Վարչապետն ինքն էլ այցելել էր շուկաներ և տեսել, որ գները տարբեր են։ Որոշակի գների բարձրացում եղան սուպերմարկետներում։ Շուկաները, «ուղենշային գին» ընդունելով սուպերմարկետների գները, իրենք էլ են բարձրացրել գները, բայց դա հիմնավորված չէ, որովհետև շուկաները չեն հարկվում»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ նախարարությունը գները կարգավորելու որևէ լծակ չունի։
«Անուղղակիորեն մենք, իհարկե, աշխատում ենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը պետք է հանգեցնի ինքնարժեքի նվազման, դա էլ իր հերթին` գների նվազման»,- ասաց նա։
Գյուղնախարարության ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես կարելի է կարգավորել խնդիրը։