Ի՞նչ ակնկալիք ունի Սարգսյանը քաղաքական ուժերից. նա գնահատել է երկրում տիրող իրավիճակը

Սարգսյանը համարում է, որ պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին, որոնք վերաբերել են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ ներկայացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գնահատականը երկրում տիրող քաղաքական իրավիճակին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է իր քաղաքական գլխավոր խնդրի մասին

«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության և դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսևորելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։ Սարգսյանը կարծում է, որ սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա մշակույթ: