Ժամանակակից ֆեմինիստները Հայաստանում, կամ ի՞նչ կապ ունի սև զգեստը

Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները քիչ չեն Հայաստանում, բայց քիչ բան է հայտնի բուն ֆեմինիստների մասին։ Հետաքրքիր է իմանալ, թե որտեղ են նրանք հավաքվում և քննարկում իրենց թեմաները, օրինակ` հայրիշխանության խնդիրը հասարակության մեջ Մենք մի այդպիսի վայր գտանք, բայց մեզ չհաջողվեց ներս թափանցել։ Մանրամասները` հոդվածում։
Sputnik

Հենց նույն օրը, երբ մենք Sputnik Արմենիայում որոշեցինք այցելել Հայաստանում միակ վայրը, որը կապված է և նվիրված ֆեմինիզմին, այն ժամանակավորապես փակվեց։ Խոսքը ֆեմինիստական գրադարանի մասին է, որը ստեղծել են մի քանի աղջիկներ։ Գրքերի հիմնական մասը գրադարանին են նվիրել շարժման ներկայացուցիչները։

«Կներես, սակայն մենք այժմ չենք կարող խոսել նախագծի մասին։ Հարևանները բողոքել են «տարօրինակ մարդկանց հավաքներից», և ավելի լավ է` մենք այստեղից հեռու մնանք», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ՖեմԳրադարանի հիմնադիրներից մեկը` Արփի Բալյանը։

Դա տեղի է ունեցել Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ-համայնքի ակտիվիստների վրա հարձակվելու հաջորդ օրը, և Արփին ու իր ընկերները սկսել են վախենալ, թե նրանց էլ նույն ճակատագիրը կարող է սպառնալ։ Նրանցից մեկի մազերը կարմիր են, մյուսը քթին օղ ունի։ Այդ պատճառով էլ մտածում են, որ սա կարող է ինչ-որ մեկին դուր չգալ և նրանց վրա հարձակվեն ու ծեծեն։

Սևն Արփիի ամենասիրած գույնը չէ, բայց նա Հայաստանի «Սևազգեստ կանանց» միության անդամ է։ Այս շարժումը ստեղծվել է 2011 թվականին։ Կազմակերպության նպատակը խաղաղարարության (փիսբիլդինգ) միջոցով ֆեմինիզմ քարոզելն է և հակառակը։

1 / 5
Արփի Բալյան
2 / 5
Հայ ֆեմինիստները
3 / 5
Մարիամ Ասատրյան
4 / 5
Հայ ֆեմինիստները
5 / 5
Արուսիկ Օհանյան

Երևում է` ֆեմինիզմն ու խաղաղարարությունը միշտ միասին են եղել. չէ՞ որ մի անսասան ճշմարտություն կա` կանայք պատերազմ չեն նախաձեռնում, որովհետև ոչ մի մայր չի ցանկանա իր որդուն ռազմաճակատ ուղարկել։ Երբ տղամարդիկ են կռվում, կանանց մնում է միայն կողքից նայել` զուգահեռաբար իրենց հարազատ տղամարդկանց պատերազմ ուղարկելով և հաճախ սգալով կորուստը։ Սակայն 1988 թվականին կանայք որոշեցին սև զգեստ հագնել և պատերազմի դեմ դուրս գալ։

Այն ժամանակ շարունակվում էր Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը։ Երկու կողմից էլ կանանց համբերությունը սպառվեց, և նրանք, առանց պայմանավորվելու, ամեն ուրբաթ սկսեցին փողոց դուրս գալ` ոտքից գլուխ սև հագած։ Այդ գույնը ոչ միայն մայրերի, քույրերի և դուստրերի վիշտը խորհրդանշեց, այլև ամբողջ աշխարհում խաղաղության ինքնատիպ կոչ դարձավ։

Էքստրիմ Դիլիջանի անտառներում, կամ մեկ օր ռեյջերների հետ

Հետագայում «Սևազգեստ կանայք» շարժումը տարածվեց նախկին Հարավսլավիայի երկրներում։ 2001 թվականին սերբիական և իսրայելական կազմակերպությունների ներկայացուցիչներին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեցին։

Խաղաղ, հակապատերազմական բողոքները հասան նաև Հայաստան։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի սահմանին հրաձգություն էր սկսվում, աղջիկները սև էին հագնում և Երևանի փողոցներ դուրս գալիս։ 2015 թվականի օգոստոսին նրանց ակցիաներին միացան հանուն խաղաղության հանդես եկող տասնյակ այլ կանայք։

«2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ դժվարացա կշեռքի նժարի մի կողմում դնել խաղաղության մասին պատկերացումներս, մյուսին` բարեկամներիս մահը», — տխուր ժպիտով ասում է Արուսիկ Օհանյանը` «Սևազգեստ կանայք» շարժման ներկայացուցիչը։

Իմ կողակիցը հայ է, կամ հայ ամուսինների օտարազգի կանայք

Ապրիլյան պատերազմը փորձություն դարձավ ոչ միայն Արուսիկի, այլև կազմակերպության մյուս անդամների համար. բոլորը գլուխ էին կոտրում մի հարցի շուրջ` արդյո՞ք արժե խոսել խաղաղության մասին, եթե տվյալ դեպքում այդ խաղաղությունն ավելի մեծ կորուստներ է բերում, քան պատերազմը։ Արդյունքում աղջիկները հակապատերազմական որևէ ակցիա այդպես էլ չանցկացրին։

Թեև սա կանանց շարժում է, բայց աշխարհում այդ շարժմանն ակտիվ մասնակցում են նաև տղամարդիկ։ Հայաստանի տղամարդիկ առայժմ հետաքրքրություն չեն դրսևորում այս նախաձեռնության նկատմամբ։

Հայաստանում ֆեմինիստներից ոմանք հասարակական կարգուկանոնը փոխելու կողմնակից են, հանդես են գալիս հայրիշխանության դեմ։ Մյուս աղջիկները, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, այդքան ծայրահեղ հայացքներ չունեն։ Սակայն մի բան կա, որում նրանք համակարծիք են. ֆեմինիստական աշխարհում, այսինքն աշխարհում, որտեղ կանայք ու տղամարդիկ բացարձակ հավասար իրավունքներ ունեն, երջանիկ են բոլորը` և՛ տղամարդիկ, և՛ կանայք։