ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Սիրիայում քիմիական զենքի հետ կապված նոր սադրանք է նախապատրաստվում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մի քանի օր առաջ Պարսից ծոց է հասել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը՝ համալրված 56 թևավոր հրթիռներով, իսկ Կատարի «Էլ Ուդեյդ» ավիակայան է տեղափոխվել В-1В ռազմավարական ռմբակոծիչը՝ զինված 24 թևավոր հրթիռներով։
Վաշինգտոնն արաբական հանրապետության դեմ ուղղված նոր ագրեսիայի է նախապատրաստվում, ինչի վկայությունն են ԱՄՆ բարձրագույն ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու դեպքում մտադիր են պատասխան տալ «ամենավճռական ձևով» ։
«Արևմտյան երկրների գործողությունները, հանրային հայտարարություններին հակառակ, ուղղված են մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի հերթական կտրուկ սրացմանն ու Սիրիայի տարածքում խաղաղ գործընթացի տապալմանը», — նշել է Կոնաշենկովը։
Պաշտպանության նախարարության տվյալներով` սադրանքը նախապատրաստում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» («Ջեբհաթ ան նուսրա») ահաբեկչական խմբավորումը։ Քիմիական հարձակումը բեմադրելու համար զինյալները Ջիսր էշ Շուհուր քաղաք են հասցրել քլորի 8 տարա, որոնք այնուհետև դուրս են բերել Հալյուզ գյուղ։
Բացի այդ, այդ շրջան է ժամանել զինյալների մի խումբ, որի անդամները թունավոր նյութերի հետ աշխատել են սովորել բրիտանական «Օլիվա» մասնավոր ռազմական ընկերության մասնագետների ղեկավարության տակ։ Նրանք պետք է ձևացնեն, թե փրկում են քիմիական զենքից տուժածներին, պատմել է Կոնաշենկովը։