Ինչո՞ւ Միհրան Հարությունյանը չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Հանրահայտ մարզիկը հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և պարզել, որ աշխարհի առաջնությանը չի մասնակցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Ռիո-2016 օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չի մասնակցի Բուդապեշտում հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին նա հայտնել է Instagram սոցիալական ցանցում։

«Օգոստոսի 9-ին հանդիպեցի Գագիկ Ծառուկյանին: Քննարկեցինք օլիմպիական փուլի մեր ծրագրերը: Ցավոք, չեմ կարող մասնակցել Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ հայտացուցակն արդեն լրացված է: 2019 թվականին կձգտենք առաջին փորձից ստանալ Օլիմպիական խաղերի արտոնագիր, եթե, իհարկե, մեզ չխանգարեն: Օլիմպիական կոմիտեի ղեկավարից աջակցություն ստացել եմ, և դա առաջին կարևոր քայլն է մրցագորգ վերադառնալու հարցում»,- գրել է 29 տարեկան մարզիկը։

Միհրանն այժմ պատրաստվում է խառը մենամարտերում (MMA) երկրորդ մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերին: Նա MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին և հաղթել իրանցի Ալի Յուսեֆիին:

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։