ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար բալային զսպող համակարգ կկիրառի: Այսօր` օգոստոսի 24-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը»,- ասաց ոստիկանապետը:
Օսիպյանի խոսքով` ոստիկանությունն ուսումնասիրել է նաև ոչ սթափ վիճակում ղեկի դիմաց նստելու դեպքում անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։