Մանվել Գրիգորյանի աղմկահարույց լուսանկարի հետքերով. հայտնի է` ով է նկարել գեներալին

Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով ծառայողական քննություն է նշանակվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Այսօր` օգոստոսի 25-ին, Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասաց Վանեցյանը:

Նա դատապարտեց այդ լուսանկարի տարածումը։

Հիշեցնենք` օգոստոսի 20-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը, հաջորդ օրը թերթը ջնջել էր լուսանկարը։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։