Գեղարքունիքի մարզում թալանել են ապահովագրական ընկերություններից մեկի գրասենյակը

Գրասենյակից տարել են տպիչները, մոնիտորը, ինտերնատային կրիչն ու փողերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Այսօր՝ օգոստոսի 25-ին, գողության դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմանում ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 57 տարեկան Սպանդար Գրիգորյանը և հայտնել, որ իրենց գյուղի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը պատկանող գրասենյակից գողություն է կատարվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 00:05-ից մինչև 01:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված ապահովագրական ընկերության գրասենյակի դուռը հրել-բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել «Samsung» տեսակի մոնիտոր, «Canon» և «Epson» տեսակի 2 հատ տպիչ, «Ucom»-ի ինտերնետային կրիչ և մոտ 120 հազար դրամ գումար:

Ընկերությունում աշխատող Գրիգորյանը ոստիկաններին հայտնել է, որ վնասը հասնում է 400 հազար դրամի:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: