Երևան եկած Մերկելին Սարգսյանի ավտոմեքենան են հատկացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ Սարգսյանին հատկացված զրահապատ ավտոմեքենան Մերկելին է սպասարկել սղության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն:

«Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել,- նշված է հոդվածում:

Թերթը նկատել է, որ Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման Cadilac Escalade ամենագնացով: Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին սպասարկող BMW-ի կողքին:

«Հրապարակը» տեղեկացել է, որ Կանցլերի մեկնումից հետո մեքենան կվերադարձնեն տիրոջը:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Երեկ նա Երևան է ժամանել։ Պաշտոնական դիմավորումից հետո Գերմանիայի կանցլերն այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա «Թումո» կենտրոն։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։