ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում անակնկալ նվեր է ստացել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեից։ Այս մասին գրված է կանցլերի Instagram-ի պաշտոնական էջում։
Վրաստան, Հայաստան և Ադրբեջան Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Այսօր նա Երևան է ժամանել։
«Երգ ընթրիքին և անսպասելի նվեր. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին XVII դարի կտավ է նվիրել, որը պատերազմի ժամանակ` 1945 թվականին, անհետացել էր Դրեզդենի թանգարանից։ Ավելի ուշ կտավը հայտնվել էր ԽՍՀՄ-ում, այնուհետև` Վրաստանում», — գրված է Instagram-ի հաղորդագրության մեջ։
Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։