Ժողովրդին տեխնիկական աղով են կերակրու՞մ. մեղադրանքներն ու իշխանության պատասխանը

Աղի կոմբինատի ղեկավարը հետաքննություն է անցկացրել ու պնդում է, որ պանրի, հացի ու այլ սննդամթերքի արտադրողները տեխնիկական աղ են գնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի-Sputnik. Աղի կոմբինատի ղեկավարը հետաքննություն է անցկացրել ու պնդում է, որ  պանրի, հացի ու այլ սննդամթերքի արտադրողները տեխնիկական աղ են գնում։

«Նուբարաշենում» պահվող անձանց սնունդը չի համապատասխանել չափանիշներին. դատախազություն

Հայաստանի մի շարք ընկերություններ սննդամթերքի արտադրության մեջ տեխնիկական աղ են օգտագործում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը։

Նշենք, Հայաստանում տեխնիկական աղը մեծ մասամբ օգտագործվում է որպես մերկասառույցի դեմ պայքարի էժան ու արդյունավետ միջոց։

Արեգ Ղուկասյանը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում սննդի աղի վաճառքը  19%–ով պակասել է, ինչը զարմացրել է նրան ու հետաքննության պատճառ է դարձել։ Նա հայտնաբերել է, որ մեծածախ շուկայում սննդի աղի փոխարեն տեխնիկական աղ է վաճառվում, ընդ որում` առանց որևէ մակնշման։

Նրա խոսքով պանրի, հացի և այլ սննդամթերքի արտադրողներն ավելի էժան տեխնիկական աղ են գնում։

«Մեծածախ վաճառքի դեպքում մեկ կիլոգրամ սննդի աղի գինը 144 դրամ է, միաժամանակ քաղաքացիներին սննդի աղի տեսքով 10-15%–ով ավելի էժան տեխնիկական աղ են վաճառում», – ընդգծեց նա։

Ղուկասյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստան է  ներմուծվել 1804 կգ սննդի աղ ու 1963 կգ` տեխնիկական։ Նրա խոսքով` հիմա էլ Իրանից ու Թուրքիայից  տեխնիկական աղի մեծ խմբաքանակներ են գալիս։

Ուտե՞լ, թե՞ չուտել, այս է խնդիրը. ի՞նչ վտանգ է թաքնված հայկական պաղպաղակներում

Ղուկասյանի խոսքով` այս հանգամանքն արդեն պետք է գրաված լիներ Պետեկամուտների կոմիտեի ու ԱԱԾ–ի ուշադրությունը։

Կոմբինատի տնօրենը կոչ արեց իշխանություններին աջակցել տեղացի արտադրողներին ու մրցակցության հավասար պայմաններ ապահովել։ Նրա խոսքով՝ նա համաձայն է տեղի շուկայում մրցել նորմալ սննդի աղի հետ, բայց ոչ տեխնիկական, որը չի համապատասխանում նորմերին, յոդացված չէ ու սպառնում է սպառողի առողջությանը։

Մինչդեռ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օրենքի անհամապատասխանության երեք դեպք է հայտնաբերել միայն։ Առաջին դեպքում մակնշումն էր բացակայում, երկրորդում`յոդի ծավալը պահանջներին չէր համապատասխանում, երրորդ դեպքում վաճառքում տեխնիկական աղ է եղել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով`հացի արտադրության մեջ տեխնիկական պահանջների խախտման երկու դեպք է բացահայտվել, սակայն դա կապված չէր տեխնիկական աղի կիրառման հետ։

«Աղի որակը մշտապես մեր տեսչության ուշադրության կենտրոնում է, մենք մշտապես հետևում ենք դրան», – ընդգծեց նա։

Հիշեցնենք` տեխնիկական աղը կիրառվում է նաև որպես աբսորբենտ  տեխնիկական նպատակներով ջրի պատրաստման ու մաքրման համար,  հորատման լուծույթների պատրաստման ու կաուստիկի ու քլորի արձակման համար և այլն։