Որտե՞ղ էր Խաչատուրովն ապրիլյան քառօրյայի օրերին. Արտակ Դավթյանը պարզաբանում է իրավիճակը

Յուրի Խաչատուրովի հասցեին մինչ օրս մեղադրանքներ են հնչում, որ Գլխավոր շտաբը ղեկավարելու ժամանակ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, երբ տեղեկացել է ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների բռնկման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը պատասխանել է այն մարդկանց, որոնք մեղադրում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Դավթյանի գրավոր մեկնաբանությունը հրապարակվել է Facebook-ում։

Խաչատուրովը կասկածվում է երկրից մոտ 400 մլն դոլար դուրս բերելու մեջ

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն էր։ Խաչատուրովի հասցեին մինչ օրս մեղադրանքներ են հնչում այն մասին, որ բարձրաստիճան զինվորականը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել` իմանալով ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների բռնկման մասին։

Միևնույն ժամանակ, ի պատասխան փաստաբանական գրասենյակներից մեկի պաշտոնական հարցման, Արտակ Դավթյանը գրում է, որ 2016 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն հակառակորդի` Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո` ժամը 03։10-03։15 սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումը իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։ Դավթյանը նաև գրում է, որ նշված պատասխանի հիմնավորող փաստաթղթերի պատճեները չեն կարող տրամադրել, քանի որ պարունակում են գաղտնի տեղեկություններ։

Օգոստոսի 23-ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղհայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Գրիգորյանը Խաչատուրովին մեղադրել է, որ վերջինս 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ իր պարտականությունները չի կատարել։ Այժմ Խաչատուրովը Գրիգորյանից հանրային հերքում է պահանջում, ինչպես նաև իր պատվի և արժանապատվության բարոյական վնասի փոխհատուցում։

Խաչատուրովին մտահոգում է Հայաստանի իմիջը․ նա չի մեկնաբանում իր հասցեին հնչած մեղադրանքները

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է 2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարել էր, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.-ի զինադադարի և 1995թ.-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։