Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր տեղի չեն ունենալու. Փաշինյան

Անգելա Մերկելը նշեց, որ Հայաստանը լավ օրինակ կարող է ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ–ի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով։ Այս մասին այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցին։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան

«Արդեն ասել ենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր տեղի չեն ունենալու։ Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև` ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության և, հատկապես, Գերմանիայի հետ»,–նշեց Փաշինյանը։

Անգելա Մերկելը, պատասխանելով նույն հարցին, նկատեց, որ Հայաստանը լավ օրինակ կարող է ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ–ի հետ։ «Իհարկե, Եվրամիության հետ շփումը մեծ չէ, քանի որ այն ազատ առևտրի գոտի է։ Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով ԵԱՏՄ–ԵՄ–ի միջև բանականություններ դժվար թե տեղի ունենա։ Բայց Հայաստանի կեցվածքն օրինակելի է»,–նշեց տիկին Մերկելը։

Ամփոփելով` ՀՀ վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ տարածքն առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար։ Բայց ԵՄ–ի հետ էլ Հայաստաննն ունի առևտրի GPRS համակարգ, որը օգնում է լայնացնել առևտրաշրջանառությունը։

Հիշեցնենք, որ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Այսօր նա Երևան է ժամանել։ Պաշտոնական դիմավորումից հետո Գերմանիայի կանցլերն այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա Թումո կենտրոն։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։