ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 23-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված անձ է մահացել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿՀ հանրային կապերի բաժնից:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել, շտապօգնություն են կանչել, բժիշկներն արձանագրել են կալանավորի կենսաբանական մահը»,- ասացին ՔԿՀ հանրային կապերի բաժնից:
Կալանավորված անձը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով` այն է սպանություն` ծանրացնող հանգամանքներով:
Նշենք, որ Արարատ Նիկողոսյանը մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Եղիշե Խաչատրյանին սպանելու կասկածանքով:
Ավելի վաղ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը ներկայացել էին ոստիկանություն, և նրանք կալանավորվել էին։
Նշենք, որ Փառանձեմ Մեյթիխանյանն ամուսնու սպանությունից հետո բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով անմիջական հսկողության տակ վերցնել սպանության քննությունը։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ լեզվաբանի ամուսնուն ծեծելու և սպանելու մեջ մեղադրվողներից մեկը գնդապետի որդի է։
Սպանությունը տեղի է ունեցեկ անցած տարվա հունիսին։