Դատարանն ուզում է արտաքսել փոքրիկ հայերին. Հովիկն ու Լիլին երբեք Հայաստանում չեն եղել

Երեխաների մորը դեռ մեկ տարի առաջ են արտաքսել Հայաստան, իսկ հիմա հերթը հասել է նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Երկու անչափահաս երեխաներին` 13 տարեկան Հովիկին և 12 տարեկան Լիլիին, ուզում են արտաքսել Նիդեռլանդներից։ Այս մասին հայտնում է Dutch News պարբերականը։

Գերմանիայից արտաքսել են մահացու հիվանդ հայուհու միակ խնամակալին` որդուն

Դատարանը թույլտվություն է տվել արտաքսել Նիդեռլանդներում ավելի քան 10 տարի ապրած երեխաներին։ Հովիկն ու Լիլին Ռուսաստանում են ծնվել, երբեք չեն եղել պատմական հայրենիքում` Հայաստանում, նույնիսկ հայերեն չգիտեն։ Բայց նրանք այլևս չեն կարող մնալ Նիդեռլանդներում, նրանց ապաստան տրամադրել չեն կարող Եվրոպայում։

Հաղորդագրության համաձայն` երկրի Բարձրագույն վարչական դատարանը արդարադատության նախարար Մարկ Հերբերսին հայտնել է, որ նա պարտավոր չէ երեխաների ժամանակավոր կացության իրավունք տրամադրել։ Սակայն այնտեղ նշվում է նաև, որ երեխաները ոչ մի դեպքում փողոցում չեն մնա և պետությունը նրանց օգնություն կտրամադրի, եթե նրանց մայրը չկարողանա նրանց արժանի խնամք ապահովել։

Երեխաների մայրը` Արմինե Համբարձումյանը, մեկ տարի առաջ Հայաստան էր արտաքսվել փախստականների ճամբարից, որտեղ երկար տարիներ փախստականների կարգավիճակ էր փորձում ստանալ։ Սակայն նա հասցրել էր թաքցնել որդուն և դստերը։ Սակայն իրավապահներին հաջողվել էր գտնել երեխաներին, ինչից հետո Հովիկն ու Լիլին տեղափոխվել են այլ ընտանիք։

Սա Նիդեռլանդներում ապրող կամ ծնված երեխաների արտաքսման ծրագրի բազմաթիվ դեպքերից մեկն է։ Երկրում աղմուկ բարձրացրած մեկ այլ պատմություն էլ կապված է ուկրաինական ընտանիքի հետ։ Նիդեռլանդներում ծնված, մեծացած, 17 տարի անցկացրած և նույնիսկ դպրոց գնացած երեխաներն արտաքսվել էին հուլիսի սկզբին, երբ արդարադատության նախարար Մարկ Հարբերսը հրաժարվել էր նրանց կացության իրավունք տրամադրել։